Հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ևս մեկ էսկալացիա» բանաձև, որում եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային։
Հանձնարարականի նույն կետում ընդգծվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջը։
«Վեհաժողովը նաև կոչ է անում վերանայել Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում Պուտինին ընդդիմացող այլ քաղբանտարկյալների գործերը և ազատ արձակել նրանց. ներառյալ Ուկրաինայի քաղաքացի և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին»,- նշված է բանաձևում։
Հարկ է նշել, որ Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկիր է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։ Նրա դեմ գործ է հարուցվել պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով, գործը գտնվում է դատական քննության փուլում։
Ընդգծենք նաև, որ Կրեմլի հակառակորդ Վլադիմիր Կարա-Մուրզան ձերբակալվել է ռուս իրավապահների կողմից 2022 թվականի ապրիլին։ Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ն նրան շնորհել է «Վացլավ Հավելի» մրցանակ՝ ժողովրդավարական և խաղաղ Ռուսաստանի ստեղծմանն ուղղված խիզախության և հաստատակամ պայքարի համար։