ԵԽԽՎ-ի ծանրակշիռ ազդակը Վրաստանին. գնահատում են փորձագետները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի նախագծում  քննարկվում է «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2025 թվականի հունվարի 29-ին կայացած քվեարկության ժամանակ ընդունել է Վրաստանի վերաբերյալ քննադատական ​​բանաձև՝ պահանջելով.

  • նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում,
  • քաղբանտարկյալների ազատ արձակում,
  • նաև` ԵԽԽՎ-ում «Վրացական երազանք»-ի պատվիրակությունը ճանաչվել է միայն սահմանափակ իրավունքներով և «փորձաշրջան» է տրվել մինչև 2025 թվականի ապրիլը։

Որոշ վերլուծաբանների կարծիքով` ԵԽԽՎ-ի որոշումը կարող է ազդել Վրաստանի բազմաթիվ ոլորտների վրա: Նրանց խոսքով, քանի որ սահմանված պահանջներից ոչ մեկը կատարված չէ, խիստ պայմաններ են սպասվում:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց.

«Խորհրդարանական վեհաժողովում անդամի պաշտոնանկությունը շատ հազվադեպ երևույթ է և նշանակում է, որ անդամ պետությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ունի լուրջ խնդիրներ։ Սա նշանակում է, որ երկրում ոչ միայն խախտումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, արդար ընտրությունների անցկացման առումով, այլև պետությունը ոչինչ չի անում նման խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Նանուաշվիլին։

Հանրային նախկին պաշտպանի խոսքով` սա նշանակում է, որ երկիրը հեռու է եվրոպական չափանիշներից։

Վրացի այլ փորձագետների խոսքով, ԵԽԽՎ քննարկումները Վրաստանի վերաբերյալ կարող են հանգեցնել խնդիրների վիզային ռեժիմի ազատականացման առումով։

«Ամենավատ հետևանքը կլինի այն, որ Վրաստանը հեռացվի Եվրախորհրդից. ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և նրանք կսահմանեն խիստ պայմաններ, որպեսզի պահանջները կատարվեն։ Եթե ​​Եվրախորհուրդը «ծանր» որոշում կայացնի, Եվրամիությունը կարող է դա օգտագործել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը վերանայելու համար»,- «Palitrannews»-ին ասել է  Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան և քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով` «Վրացական երազանք»-ը չի կատարում պայմանները՝ բանտարկյալներ չի ազատել, նոր ընտրություններ չի նշանակել, ընդհակառակը՝ մարդու իրավունքները խարխլվում են։ Կոնֆլիկտաբանը նշել է, որ բոլոր օրենքներն ընդունվում են մարդու իրավունքների դեմ:

Հատկանշական է, բանաձևում նաև նշված է, որ կոմիտեն իշխանությունների կողմից հստակ երաշխիքներ է ուզում, որ նրանք իսկապես հավատարիմ են ժողովրդավարության հետընթացի վերանայմանը և անդամակցության պարտավորությունների կատարմանը:

Ի պատասխան բանաձևի՝ «Վրացական երազանք»-ը ամիսներ առաջ դադարեցրեց աշխատանքը Վեհաժողովում։

Բազմաթիվ փորձագետներ «Վրացական երազանք»-ի այս որոշումը գնահատեցին որպես ռեպրեսիվ արարք, որը հակասում է Վրաստանի սահմանադրությանը և նպաստում է երկրի մեկուսացմանը: