ԵԽ-ում Վրաստանի երիտասարդ պատվիրակը թբիլիսահայ Վիկտորիա Առաքելյանն է

Թբիլիսահայ Վիկտորիա Առաքելյանն ընտրվել է Վրաստանի երիտասարդ պատվիրակ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում մեկ տարի ժամկետով։

2025-2026 թվականներին Վիկտորիան ներգրավվելու է ԵԽ Կոնգրեսի աշխատանքին և քննարկումներին տեղական ժողովրդավարության, երիտասարդության ներգրավման և տարածաշրջանային կառավարման վերաբերյալ: Մանդատի շրջանակներում Վիկտորիա Առաքելյանը հրավիրվել է Կոնգրեսի 48-րդ և 49-րդ նստաշրջաններին Ստրասբուրգում, որտեղ աշխատելու է այլ երիտասարդ պատվիրակների և կոնգրեսականների հետ միասին։

Օրեր առաջ կայացած 48-րդ կոնգրեսի մասին Վիկտորիան տպավորված պատմեց, նշեց, որ ինքը ևս ելույթ է ունեցել:

«Ներկա էի 48-րդ կոնգրեսի նիստին, որը հիմնականում վերաբերում էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին: Կոնգրեսում քննարկվեցին նաև ժողովրդավարությանը առնչվող և այլ կարևոր թեմաներ: Ես ևս ելույթ ունեցա և իմ կարծիքն ասացի կապված ընթացիկ ռազմական գործողությունների հետ, ընդգծեցի Վրաստանում տեղահանվածների կարիքների մասին և ներկայացրի Վրաստանի փորձը»:

Վիկտորիա Առաքելյանը նշեց, որ պատվիրակները, այդ թվում` նաև ինքը, ընտրվել են հենց հանձնաժողովի կողմից: Պատվիրակներն ընտրվելուց հետո միանում են առկա կոմիտեներից մեկին, ինքը միացել է սոցիալական ինկլուզիայի կոմիտեին.

«Հոկտեմբերին ներկա կլինեմ կոնգրեսի 49-րդ նիստին: Այս մեկ տարվա ընթացքում նաև իրականացնելու եմ նախագծեր երիտասարդների համար, տարբեր ուղղություններով նրանց աջակցելու համար: Ներկա եմ եղել նաև ռեգիոնալ պալատի նիստին, որում ևս տարբեր կարևոր թեմաներ քննարկվեցին»:

Հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը յուրաքանչյուր տարի այս մանդատի համար ընտրում է մեկական թեկնածու Եվրախորհրդի յուրաքանչյուր անդամ երկրից։

Հիշեցնենք, որ Վիկտորիա Առաքելյանի հաջողության պատմությանը «Ալիք Մեդիա»-ն անդրադարձել էր ավելի վաղ` 2023 թվականին: Թբիլիսահայ աղջկա կազմակերպած կամավորական հիմունքներով օտար լեզվի դասընթացը տարիներ հետո դարձել էր օտար լեզվի ուսուցման դպրոց․ «Աշխատանքս ավելին է ասում իմ անհատականության մասին, ամեն օր փորձում եմ փոքրիկ ներդրում ունենալ իմ հասակակիցների կայացման գործում»։

Վիկտորիա Առաքելյանը 5 լեզվի է տիրապետում՝ հայերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն։ Սովորում է Սևծովյան միջազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների անգլերենի ֆակուլտետում։