ԵԽ պատգամավորների այցն ու հանդիպումները Վրաստանում. ամփոփ

Դեկտեմբերի 11-ին Վրաստան ժամանած եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության  կազմակերպությունների (ՀԿ) և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

ԵԽ «Կանաչներ» կուսակցության անդամ Ռենյեր վան Լանշոտը Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդներին անվանել է «ոչ լեգիտիմ առաջնորդներ» և մեղադրել «հակասահմանադրական գործողությունների համար»։ Նրա խոսքով, նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է «ոստիկանության դաժանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, և թե ինչպես կարող է վրաց ժողովուրդն ազատորեն որոշել իր ապագան»։

«Մենք լիովին աջակցում ենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանը դեպի եվրոպական ապագա տանելու նրա ջանքերի համար»,- գրել է ԵԽ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Ռասա Յուկնևիչիենեն նախագահ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո։

ԵԽ գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին նույնպես իր աջակցությունն է հայտնել նախագահին. «Մենք կանգնած ենք ձեր և ձեր քաջ ժողովրդի կողքին»:

Եվրախորհրդարանականների հետ հանդիպումից հետո ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ  «Եվրախորհրդարանի պատգամավորները, լինի դա բանաձևերի կամ հրապարակային հայտարարությունների միջոցով, շարունակում են հաստատել իրենց աջակցությունը վրաց ժողովրդի և երկրի եվրատլանտյան նկրտումներին»:

«Նրանք եկել են այստեղ, որպեսզի ևս մեկ անգամ հաստատեն վրաց ժողովրդին իրենց աջակցությունը եվրոպական ապագայի փրկության հարցում, քանի որ Իվանիշվիլին ընտրել է Ռուսաստանի, բռնաճնշումների և ահաբեկության ճանապարհը»,- ասել է Բոկուչավան:

ԵԽ «Կանաչներ» կուսակցությունից գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին ասել է, որ ստեղծված իրավիճակում Եվրախորհրդարանի պատգամավորներն այլ ելք չունեն, «բացի հանդիպելուց նրանց, ովքեր ճնշվում են, ծեծվում, բանտարկվում»։

«Ոչ մի դեմոկրատական ​​ուժ չպետք է քաղաքացիների հետ վարվի այնպես, ինչպես արվում է է»,- ասել է Լագոդինսկին՝ խոսելով «Վրացական երազանք»-ի մասին։

«Արդար ընտրություններ» ՀԿ-ի ղեկավար Նինո Դոլիձեն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպումից հետո ասել է, որ նրանց հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում. «Երկրում ընթացող գործընթացները, ինչպես նաև ցույցերը և ցուցարարների անօրինական կալանավորումը, ֆիզիկական հաշվեհարդարը: Այն ամենն, ինչ տեսնում ենք փողոցում»:

Նրա խոսքով, քննարկման հիմնական թեմաներից մեկը խորհրդարանական ընտրություններն էին. «Ի լրումն, մենք խոսեցինք բոլոր այն փաստերի մասին, որոնք հաստատում են, որ այս ընտրությունները վրաց ժողովրդի կամքի արտահայտությունը չէին»։

Վրաստանում գտնվող ԵԽ պատգամավորների պատվիրակության կազմում են.

  • Ռասա Յուկնևիչիենե — Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP),
  • Միհալ Չերբա — EPP,
  • Նատալի Լուզո «Նորացրու Եվրոպան» (Renew),
  • Բեռնար Գետտա — Renew,
  • Տոբիաս Կրեմեր — «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք»,
  • Ռայնիե վան Լանշոտ — «Կանաչներ»,
  • Սերգեյ Լագոդինսկի — «Կանաչներ»: