Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում նշում են, որ կանգնած են խաղաղ ցուցարարների կողքին։ Հայտարարության համաձայն՝ նրանք կոչ են անում անդամ երկրներին ձեռնպահ մնալ ինքնահռչակ «Վրացական երազանքի» կառավարությանը լեգիտիմացնելուց։
«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացմամբ: Մենք ցնցված ենք Բաթումիի հյուրանոցներից մեկում նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա դաժան հարձակումից: Սա բռնության ևս մեկ օրինակ է»,-ասվում է հայտարաության մեջ:
Պատգամավորների խոսքով՝ իրենք աջակցում են խաղաղ ցուցարարներին, ովքեր արդեն 50 օր է՝ ամեն երեկո փողոց են դուրս գալիս՝ հանուն Վրաստանի ժողովրդավարական և եվրատլանտյան ապագայի։ Նրանք ընդգծում են, որ տարիներ շարունակ Վրաստանը եվրաատլանտյան նկրտումների առաջատարն է՝ վայելելով ժողովրդի լայն աջակցությունը։ Ըստ նրանց՝ այս դիրքորոշումը չի փոխվել, փոխվել է այն, որ «Վրացական երազանքը» վրացիներից խլել է ապագան և այլևս չի ձևացնում, թե Վրաստանի համար եվրոպական ապագա է ուզում։
«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը և նրա անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության անկման համար, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի դեմ»,-գրված է հայտարարության մեջ: