Եվրախորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Թիիս Ռոիտենը կոչ է արել ԵՄ-ին շտապ քայլեր ձեռնարկել Վրաստանի հարցով։
«Անձնական պատժամիջոցներ քաղաքական առաջնորդների և Իվանիշվիլիի նկատմամբ։ Դադարեցնել բռնությունը և բողոքի ակցիաների ճնշումը. նոր, արդար ընտրություններ միջազգային մոնիտորինգի ներքո»,- X հարթակում Վրաստանի հարցով ձեռնարկելիք կարևոր հարցերն է արձանագրել պատգամավորը։
Եվրախորհրդարանում Նիդերլանդների ներկայացուցիչը նաև տեսանյութ է հրապարակել, որում ասում է.
«Ամեն երեկո, ամեն գիշեր հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս փողոց՝ պաշտպանելու իրենց ժողովրդավարությունը և եվրոպական ապագան։ «Վրացական երազանք»-ը Ռուսաստանի, ինչպես նաև ռուս օլիգարխների ծանր ազդեցության տակ է։ Իշխանությունը որոշել է կասեցնել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ հակառակ սեփական քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի ցանկությանը»։
Թիիս Ռոիտենը կոչ է արել աջակցել վրացիներին, դա, ըստ նրա, նշանակում է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդների դեմ, նոր ու արդար ընտրություններ կազմակերպել, վերջ դնել ցուցարարների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ բռնություններին, ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։