Եվրախորհրդի (ԵԽ) հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի կառավարության ընթացքը վտանգ է ներկայացնում երկրի ապագայի համար։ Ընդգծվում է նաև, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցված է։
Եվրոպական խորհուրդը ևս մեկ անգամ հաստատում է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Վրաստանի քաղաքացիներին եվրոպական ճանապարհին։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը լրջորեն մտահոգված է Վրաստանի կառավարության գործողություններով, որոնք հակասում են ԵՄ-ի արժեքներին և սկզբունքներին։
«Խորհուրդը խրախուսում է Վրաստանին իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ ԵԽ-ն հայտարարում է, որ կշարունակի ուշադիր հետևել վրաստանյան զարգացումներին։
Խորհուրդն ակնկալում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար՝ միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ միջազգային ու տեղական դիտորդները ընտրություններին անարգել մուտք կունենան։
Եվրախորհուրդն ընդգծում է ազատ և բազմակարծիք լրատվամիջոցների պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Եվրախորհրդի նախագահը նախատեսվող նստաշրջանից առաջ հրապարակեց ԵՄ անդամ երկրներին ուղղված հրավերի նամակը, որտեղ խոսեց առկա մարտահրավերների և քննարկվելիք հարցերի մասին։ Նա ընդգծել է, որ քննարկման ուղղություններից մեկը լինելու է Վրաստանը, քանի որ երկիրը Մոլդովայի հետ միասին կանգնած է վճռական փուլի առաջ։