Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդները համատեղ հայտարարություն են արել՝ աջակցելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության դիմումներին:
Նշվում է, որ նախագահների համաժողովի անունից Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարները դիմում են անդամ երկրների և կառավարությունների ղեկավարներին, որոնք երկու շաբաթից կհանդիպեն Բրյուսելում՝ որոշում կայացնելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ։
«Աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունը պահանջում է մեր կողմից գործողություններ՝ այդպիսով հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին:
Ուկրաինացիները, որոնց հայրենիքը ենթարկվում է կատաղի հարձակման, ինչպես նաև մոլդովացիներն ու վրացիները, որոնք շարժվում են դեպի պայծառ ապագա, սպասում են ազդանշանի, որ իրենց տեղը եվրոպական ընտանիքում է: Ուստի, այս պալատը խստորեն կոչ է անում Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ՝ համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ներկայացված տեքստը համատեղ հայտարարության նախագիծ է, և այն դեռ կարող է փոփոխվել:
Նշենք նաև, որ քաղաքական խմբերի առաջնորդների միությունը ներգրավված չէ թեկնածուի կարգավիճակի տրամադրման գործընթացում, և նրանց աջակցությունը ընդամենը կոչ է Եվրոպական հանձնաժողովին համապատասխան որոշում ընդունելու համար։