
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Եվրախորհրդից ընդգծել են, որ այցի պատճառն ուժեղ լարվածությունն է, քաղաքական բանավեճի ծայրահեղ բևեռացումը և բռնության դեպքերը, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին։
Այցից առաջ գլխավոր քարտուղարը ողջունել է ընդդիմության ներկայացուցիչներ Ալեքսանդրե Էլիսաշվիլիի և Նիկա Գվարամիայի ազատ արձակումը։
Վրաստանում ստեղծված լարված և մտահոգիչ իրավիճակում Եվրոպայի խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին խուսափել ցանկացած էսկալացիայից, իսկ իշխանություններին՝ զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից և հարգել խոսքի ու հավաքների ազատությունը։
Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են նոյեմբերի 28-ին` այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չներառելու իր որոշման մասին: