Եվրոպայի խորհրդի բյուրոն հաստատել է Վրաստանին առնչվող փաստաթուղթը

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հաստատել է Վրաստանի վերաբերյալ փաստաթուղթը։

Փաստաթղթում Վրաստանի իշխանություններին կոչ է արվել լիովին հարգել մարդու իրավունքների եվրոպական չափանիշները։ Նշված է նաև, որ «իշխանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի քաղաքական և սոցիալական ծայրահեղ բևեռացվածությունը նվազեցնելու համար»։

«Կոնգրեսի բյուրոն կոչ է անում Վրաստանի իշխանություններին լիովին հարգել մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, նաև բացել ճանապարհը նոր ազատ և արդար ընտրությունների համար՝ թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում»,- գրված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ տեղական և ազգային մակարդակներում պետական պաշտոնյաների քաղաքական պատճառներով պաշտոնից ազատման պրակտիկան պետք է դադարեցվի։

Փաստաթղթում ընդգծված է, որ յուրաքանչյուր քաղաքացու պետք է ընձեռվի իր ժողովրդավարական իրավունքների արտահայտման և հավաքների հնարավորություն, քանի որ խաղաղ բողոքը ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն է։

Բյուրոյի հայտարարության համաձայն՝ իրենք հավատում են այն ժողովրդավարական և եվրոպական ապագային, «որը ծառայում է բոլոր վրացիների շահերին, դա պահանջում է քաղաքական բոլոր ուժերի մասնակցությունը ցանկացած մակարդակով»։

Փաստաթղթում նշված է նաև, որ իրենք պատրաստ են տրամադրել ցանկացած աջակցություն այդ նպատակին հասնելու համար։

Վրաստանի վերաբերյալ քննարկումները կանցկացվեն 2024 թվականի մարտի 25-27-ը՝ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում։