Երևանում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած մարզիկ Արտյուշ Գոմցյանը վերադարձավ Ախալքալաք, որտեղ համաքաղաքացիները նրան դիմավորեցին մեծ շուքով։
Բռնցքամարտիկին դիմավորելու համար Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ էին շտապել բազմաթիվ քաղաքացիներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղում էր նաև շաբաթներ առաջ Բուլղարիայում Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթած ախալքալաքցի մարզիկը՝ Գոռ Այվազյանը։
Շնորհակալական խոսք ասեց Գոմցյանի մարզիչը՝ Ատոմ Էլիզբարյանը, ով առանձնակի կարևորեց երկրպագուների ոգևորությունը, որը, նրա խոսքով, էական դեր է խաղացել այս կարևոր հաղթանակի համար․
«Ամեն քայլ արվել է հաղթանակի հասնելու և պատվով հետ վերադառնալու համար։ Մեր մարզիկը մրցում էր 57-60 կգ քաշային կարգում, առաջին մենամարտում հաղթել է իտալացի բռնցքամարտիկին, երկրորդում՝ իռլանդացի, երրորդում՝ հունգարացի, իսկ չորրորդ և վճռորոշ փուլում իսպանացի մարզիկին», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Էլիզբարյանը։
Էլիզբարյանն ընդգծում է, որ բոլոր փուլերի ժամանակ հաղթանակի մեծ հույս են ունեցել, քանի որ սա պատմական մրցաշար էր, որը առաջին անգամ էր կայանում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Հիշեցնենք, որ տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարն ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդյունքում Վրաստանը ունեցավ 2 ոսկե, 1 արծաթե մեդալակիր։
Եվրոպայի չեմիոն դարձավ նաև Վրաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Սախիլ Ալախվերդովը:
Լուսանկարները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության էջից
Կարդացեք նաև.
Ջավախքցի մարզիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. լուսանկարներ