Եվրոպամետ ցույցերում շուրջ 70 լրագրող և օպերատոր է տուժել

Վերջին 10 օրվա ընթացքում Թբիլիսիում ընթացող ցույցերի ժամանակ ուժայինները վնասվածքներ են հասցրել ավելի քան 70 լրագրողի և օպերատորի, բայց մինչ օրս Հատուկ քննչական ծառայությունը հանցագործություն կատարած ոչ մի անձի չի հայտնաբերել, հայտնել է «Մեդիաօմբուդսմեն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

«Մեդիաօմբուդսմեն»-ը գրել է, որ ժողովրդավարության ամրապնդման համար անփոխարինելի է անկախ ​​լրատվամիջոցների դերը, որոնց փորձում է ուժով լռեցնել իշխող «Վրացական երազանք»-ը` իրավապահների ու «տիտուշկաների» (դիմակավորված անձանց) միջոցով։

«Դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մենք ցանկանում ենք առանձնահատուկ հարգանք ցուցաբերել վրացական լրատվամիջոցների նկատմամբ և բոլորին հիշեցնել անկախ ​​լրագրության առանձնահատուկ կարևորության մասին։ Այս օրը տոնելու փոխարեն պետք է պայքարել խոսքի ազատության համար, դադարեցնել հետապնդումներն ու բռնությունները հանրահավաքի մասնակիցների, նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ», — հայտարարել է «Մեդիաօմբուդսմեն»-ը:

Նշված է նաև, որ Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած. «Վերջին տարիներին մենք տեսանք ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման անթաքույց փորձերը, լրագրողների նկատմամբ բռնության միտումը և հանցագործությունների անպատժելիությունը»:

«Մեդիաօմբուդսմեն»-ը կոչ է արել պետական ծառայություններում աշխատող բոլոր անձանց պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ հարգել լրատվամիջոցներին:

«Պետությունը պարտավոր է պատժել լրատվամիջոցների վրա հարձակվողներին և ապահովել անվտանգ լրատվական միջավայր։ «Մեդիաօմբուդսմեն»-ը շարունակում է աջակցել լրագրողներին և օպերատորներին։ Մենք պաշտպանում ենք լրատվամիջոցներին, մենք պաշտպանում ենք ազատությունը», — ասված է հայտարարության մեջ։