«Եվրոպամետ ցույցերի խորհրդանիշ» կամ վերջին նախագահը` ում ընտրեց ժողովուրդը

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կլքի Վրաստանի նախագահական աթոռը: Սալոմե Զուրաբիշվիլի Վրաստանի վերջին նախագահն էր, ով ընտրվել էր ուղիղ ընտրական համակարգով` Վրաստանի քաղաքացիների կողմից: Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատը լքեց խորհրդարանում «Վրացական երազանք»-ի կողմից ընտրված նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողության հետ զուգահեռ` բողոքի ցույցերի ֆոնին:

Եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս քննադատեցին «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ և հայտարարեցին, որ Վրաստանի լեգիտիմ նախագահ է մնում Սալոմե Զուրաբիշվիլին: Չնայած դրան, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ կհեռանա Օրբելիանիների պալատից, «իր հետ տանելով լեգիտիմություն»:

Վրաստանի Սահմանադրության նոր խմբագրությամբ նախագահ Զուրաբիշվիլին ուղղակի ընտրություններով ընտրված Վրաստանի վերջին նախագահն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 6 տարի ժամկետով։ Նա նաև Վրաստանում և ողջ կովկասյան տարածաշրջանում ընտրված առաջին կին նախագահն է։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Ֆրանսիայի վրացական համայնքի ղեկավար Լևան Զուրաբիշվիլիի ընտանիքում։

Վրաստանի Վարդերի հեղափոխությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլիի հայտնվելը վրացական քաղաքականությունում կապված է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվան հետ, ով 2004 թվականի մարտին նրան նշանակել էր Վրաստանի արտաքին գործերի նախարար, սակայն այնուհետև հրաժարական տվեց:

2010 թվականից Սալոմե Զուրաբիշվիլին լքեց վրացական քաղաքականությունը և շարունակեց իր ակադեմիական գործունեությունը։ Սակայն 2012 թվականին հայտարարեց իր վերադարձի մասին եւ վերադարձավ վրացական քաղաքականություն, երբ Վրաստանում իշխանությունը փոխվեց։ Զուրաբիշվիլին Վրաստանի 9-րդ գումարման 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում որպես անկախ, անկուսակցական թեկնածու է ներկայացրել իր թեկնածությունը։

Զուրաբիշվիլին հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում և ստացավ պատգամավորական մանդատ Վրաստանի խորհրդարանում։

2018-ին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ Զուրաբիշվիլին այս անգամ առաջադրեց իր թեկնածությունը՝ որպես անկախ, անկուսակցական թեկնածու, թեև իշխող կուսակցության աջակցությամբ։ Նախագահական գործունեությունը սկսեց 2018 թվականի դեկտեմբերին։

Սալոմե Զուրաբիշվիլին իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» հետ առերեսվել է իր նախագահության վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Գործակալների մասին» օրենքը, որի պատճառով դադարեցվեց Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը։

Իմպիչմենտի ընթացակարգ

Առաջին անգամ երբ խորհրդարան բերվեց «Գործակալների մասին» օրենքի նախագիծը 2023 թվականի գարնանը Սալոմե Զուրաբիշվիլին կոշտ հայտարարություններով պատասխանեց և բացասկան գնահատական տվեց օրինագծին: Մեծամասշտաբ բողոքի ցույցերի արդյունքում խորհրդարանը հետ կանչեց օրենքի նախագիծը, այնուհետև ամիսներ անց սկսեց Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ:

Իմպիչմենտն ընթացակարգ է, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ էր խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանական մեծամասնությունում, սակայն, 100 պատգամավոր չկար, հետևաբար միայն մեծամասնությունը չէր կարողանա նախագահին իմպիչմենտի ենթարկել։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կուսակցության առաջնորդ, այժմ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքը», սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենտի ընթացակարգը։

Ըստ Կոբախիձեի՝ պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան պաշտոնական հանդիպումներն էին․ Վրաստանի կառավարությունը նրան դրա իրավունքը չէր տվել։ Զուրաբիշվիլիի պարզաբանմամբ, սակայն, ինքը հանդիպումների է գնացել՝ հեշտացնելու Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը։ Արդյունքում իմպիչմենտի գործընթացը ձախողվեց:

«Վրացական խարտիա»

Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունները ստորագրեցին «Վրացական խարտիան», որն ուղղված էր գործողությունների միասնական ծրագրին։

«Ոչ ոք չի կարող այսօրվա Վրաստանին ստիպել նորից ապրել այլոց համոզմունքներով, դոգմաներով ու կապանքներով. Այդ իսկ պատճառով ես խորապես հավատում եմ, որ ոչ ոք երբեք չի կարող Վրաստանը վերադարձնել անցյալ։ Հավատում եմ և ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք փակուղում չենք, փակ շրջանով չենք շարժվում, մեր մեջ տեղ չունեն հուսահատությունն ու նիհիլիզմը։ Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք ինքներս պետք է լուծում գտնենք»,- մայիսի 26-ին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները և համարում է, որ ընտրությունները կեղծվել են «Վրացական երազանքի» կողմից՝ հօգուտ իրենց։

Նա դիմեց նաև Սահմանադրական դատարան հայցով՝ չճանաչել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները, սակայն «Վրացական երազանքը» չսպասեց դատարանի որոշմանը, հավաքեց 11-րդ գումարման խորհրդարանը և ճանաչեց իր իսկ կազմած խորհրդարանի լեգիտիմությունը։

Բողոքի ցույցերը և Սալոմե Զուրաբիշվիլին

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը

Սալոմե Զուրաբիշվիլին շատերի աչքերում «եվրոպամետ ցույցերի խորհրդանիշ» է: Նա բազմիցս հայտարարել է, որ կանգնած է ցուցարարների կողքին, բացի այդ, երբեմն նաև միանում էր բողոքի ցույցի մասնակից քաղաքացիների, այդ թվում կանանց երթերի, Ռուսթավելի պողոտայում բազմամարդ ցույցերին: