
Վրաստանի խորհրդարանի դիմաց եվրոպամետ ցույցը վերսկսվել է. ցույցերի 23-րդ օրն է: Ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան:
Քիչ առաջ ցույցին միացավ փաստաբանների երթը, որը մեկնարկել էր Արդարադատության բարձրագույն խորհրդի հարակից տարածքից և հասել Ռուսթավելիի պողոտա։
Ցուցարարներին են միացել նաև ճամփորդության սիրահարները: Նրանք երթը սկսել են Եվրոպայի հրապարակից` վեր պարզած պաստառներով։
Միաժամանակ ակցիային միացել են էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչներ և միջազգային բուհերի ուսանողներ, որոնք նույնպես երթով շարժվել են դեպի խորհրդարան։
Ցույցի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել ցույցի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին և նշանակել նոր ընտրություններ։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։