Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, 22-րդ օրն է բողոքի ցույց է ընթանում: Այս պահին Թբիլիսիի տարբեր վայրերից տարբեր ոլորտի ներկայացուցիչներ երթով շարժվում են դեպի խորհրդարան:
Մասնավորապես, Հանրապետության հրապարակից խորհրդարանի ուղղությամբ է շարժվում «Հայրերի երթ»-ը: Երթի մասնակիցների հիմնական պահանջները ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումն է, արդար ընտրությունները և եվրաինտեգրումը։ Հանրապետության հրապարակում «Հայրերի երթ»-ին միացել են նաև բասկետբոլիստներն ու նրանց երկրպագուները:
Մետրոյի «Ռուսթավելի» կայարանից մեկնարկել է բժշկական ոլորտի ներկայացուցիչների բողոքի երթը. բժիշկները շարժվում են դեպի մայրաքաղաքի գլխավոր պողոտա և կմիանան օրենսդիր մարմնի մոտ ընթացող ակցիային։ Նրանք վանկարկում են. «Նոր ընտրություններ պետք է նշանակել, ազատություն ռեժիմի բանտարկյալներին»:
Երթ են անցկացնում նաև Գուրիայի շրջանի ներկայացուցիչները: Նրանք Եվրոպայի հրապարակից երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք. պահանջում են ազատ արձակել նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։