Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ բողոքի ցույցը շարունակվում է. 14-րդ օրն է՝ ի նշան բողոքի քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ հավատարիմ են Սահմանադրության 78-րդ հոդվածին (ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու դրույթ) և իրենց համերաշխությունն են հայտնում հատուկջոկատայինների կողմից բռնությամբ և ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներին։
Քաղաքացիները սկսել են հավաքվել օրենսդիր մարմնի մոտ, այդ պատճառով պողոտայում այժմ արգելված է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ցուցարարների պահանջն անփոփոխ է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ «Վրացական երազանք»-ը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի ավարտը։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում հավաքված նախկին և ներկա քաղծառայողները երթով շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա: