Եվրոպամետ ցույցեր Վրաստանի խոշոր քաղաքներում

Թբիլիսյան ցույցերին զուգահեռ եվրոպամետ ցույցեր են անցկացվում նաև Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում ու շրջաններում, այդ թվում՝ Բաթումիում, Ռուսթավիում և Փոթիում:

Ռուսթավիում քաղաքացիները բողոքի երթ են անցկացրել, որը սկսել են քաղաքի մուտքից՝ Թամար թագուհու հրապարակից, ավարտվել Ազատության հրապարակում՝ Ռուսթավիի քաղաքապետարանի դիմաց։ Ռուսթավիի քաղաքապետարանի մոտ ցույցի մասնակիցները հանդիպում են պահանջել քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ, և վերջինիցս պահանջել՝ հստակ դիրքորոշում որդեգրել հատուկջոկատայինների բռնի գործողությունների վերաբերյալ։ Բողոքի ցույցին ներկա են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։

Բաթումիում բողոքի ցույցի մասնակիցները փակել էին Ռուսթավելիի փողոցի երկու հատվածները։ Քաղաքացիները շարժվել են Բաթումիի գլխավոր մուտք, որտեղ բողոքի ցույց են անցկացրել. քաղաքի մուտքի մոտ ավտոմոբիլային երթևեկությունը կաթվածահար էր:

Փոթիում քաղաքացիները հավաքվել են Նիկո Նիկոլաձեի աշտարակի մոտ և բողոքում են երկրում ընթացող գործընթացների դեմ։ Ցուցարարները ոտքով երթ են կազմակերպել։ Սկզբում գնացել են քննչական մեկուսարանի մոտ, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների՝ պահվում են Բաթումիում ընթացող ցույցերի ժամանակ ապօրինի բերման ենթարկված քաղաքացիները, և իրենց աջակցությունն են հայտնել նրանց։

Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Փոթիի քաղաքապետարանի վարչական շենք։ Նրանց խոսքով, ցույցերը շարունակվելու են մշտապես, և կոչ են անում բնակչությանը ակտիվորեն մասնակցել։