Եվրոպամետ ցույցեր Քութաիսիում

Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում եվրոպամետ բողոքի ալիքը զգալիորեն աճել  է: Քութաիսիում նույնպես մեկ ամսիվ ավելի ընթանում են անընդմեջ ցույցեր, որոնք հիմնականում տեղի են ունենում քաղաքապետարանի մերձակայքում ու կենտրոնական փողոցներում։ 

Վերջին երեք տարիներին Միխեիլ Մեսխին Քութաիսիում ակտիվորեն կազմակերպում է նմանատիպ բողոքի ցույցեր ու  զբաղվում է անվտանգության հարցերով։ Նրա խնդիրներից են սադրիչների չեզոքացումը և ցույցի մասնակիցների պաշտպանությունը։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Մեսխին նշեց, որ ցույցերին մասնակցում են քաղաքական կուսակցություններից մինչև ոչ կառավարական կազմակերպություններ ու շարքային քաղաքացիներ։ Օրակարգը համաձայնեցվում է բոլոր մասնակիցների միջև, ինչը ցույցերին ավելի կազմակերպված բնույթ է հաղորդում։

«Այս ցույցերը մեծապես արտահայտում են վրաց հասարակության եվրոպամետ ձգտումները։ Մասնակիցները պայքարում են ոչ միայն արդարության, այլև Վրաստանի եվրոպական ապագան ապահովելու համար։ Քութաիսիի հասարակությունը հատկապես պահանջում է նոր և արդար ընտրություններ՝ նշելով, որ երկրում տեղի ունեցած վերջին ընտրությունները լիովին կեղծվել են։ Ակտիվիստները համոզված են, որ այս ընտրություններն անհաշիվ անարդարություններ և խախտումներ են պարունակում, ինչը մեզ համար անընդունելի է», — ասաց Միխեիլը։

Մեսխին առանձնացնում է Քութաիսիի միկրոսոցիումի յուրահատկությունները՝ նշելով, որ ծանոթությունների շրջանակները երբեմն թուլացնում են բողոքի սրությունը։ Բացի այդ, համալսարաններում ցույցերի ցանկացած դրսևորում ճնշվում է։ Այնուամենայնիվ, մի շարք ուսանողներ՝ հատկապես KIU-ի (հայտնի է նաև «Իվանիշվիլիիի համալսարան» անվամբ) ուսանողները, ակտիվորեն ներգրավված են։ Չնայած վարչակազմի հարուցած արհեստական խոչընդոտներին, նրանք շարունակում են կանգնել իրենց իրավունքների և եվրոպական արժեքների համար։

Ակտիվիստ Մարիամ Մինդելի  խոսքով՝ ցույցերի մասնակից երիտասարդները շատ լավ գիտակցում են, թե որտեղ և ինչի համար են պայքարում։ Խմբի ներսում բացարձակապես չկան հակամարտություններ, և բոլորն էլ պատրաստ են ներգրավվել ցանկացած բողոքի ձևաչափի կամ անհրաժեշտ միջոցառումներում։ Մինդելին հարցազրույցի վերջում հստակեցրեց, որ Քութաիսիում և այլ քաղաքներում ընթացող եվրոպամետ շարժումները արտացոլում են վրաց հասարակության վճռականությունը՝ կառուցելու ժողովրդավարական և եվրոպական արժեքներին համահունչ պետություն։ Չնայած դժվարություններին, քաղաքացիները միասնական և նպատակաուղղված են իրենց պայքարում՝ պահանջելով արդար ընտրություններ և իրական փոփոխություններ Վրաստանում։

Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան