Եվրամիության Erasmus + ծրագրի շրջանակում Ժան Մոնեի` «Եվրոպական ուսուցման եռանկյունի» (TEES) խորագրով նախագիծը ներկայացվեց Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցում:
Ավագ դասարանների աշակերտներին Կովկասյան համալսարանի պրոֆեսորներից կազմված թիմը (պատմության դոկտոր, պրոֆեսոր Գուրանդա Ճելիձե, իրավագիտության պրոֆեսոր Էկատերինե Քարդավա, Հումանիտար և սոցիալական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Զուրաբ Բրագվաձե) պատմեց` ինչ է նշանակում լինել «եվրոպացի», ինչ են Եվրոպական կենսակերպն ու Եվրոպական արժեքները, ինչ առաջընթաց կա Եվրամիության հետ հարաբերություններում, ինչ պետք է արվի` Եվրոպական երկիր ստեղծելու համար:
Նախագծի համակարգող Գուրանդա Ճելիձեն «Ալիքի» հետ զրույցում կարևորեց եվրոպական արժեքների ու Վրաստան-Եվրոպա հարաբերությունների մասին աշակերտներին, ինչու չէ` ուսուցիչներին ու ծնողներին գիտելիքների փոխանցումը, քանի որ հենց միասնական ուժերով պետք է արվի գործը, որ կոչվում է «Եվրոպական Վրաստանի» կառուցում:
«Նախագծի գաղափարը բոլորիս է պատկանում, նախագիծը հաղթել է 2019թ.-ի ամռանը, չնայած իրականացումը, ցավոք սրտի, պանդեմիայի պատճառով ուշ ենք սկսել ու փաստացի` դպրոցներում մեր ակտիվ գործունեությունը վարում ենք հոկտեմբերից: Արդեն իրականացրել ենք տասը հանդիպում: Նախագծի թիրախային խումբը հենց էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններն են, ինչպես նաև Թբիլիսիում տեղակայված` փախստականների դպրոցների աշակերտները»,- ասում է Ճելիձեն` հիշեցնելով, որ հանդիպումներ անցկացրել են Ախալցիխեում` ինչպես վրացական, այնպես էլ հայկական ու վրաց-ռուսական դպրոցներում: Չորս հանդիպում եղել է Մառնեուլիում՝ երկուական` ադրբեջանական ու վրաց-ռուսական դպրոցներում: Հայկական 104 դպրոցում իրազեկման դասընթացը կազմակեպվել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարի Առաքելովայի առաջարկով ու միջնորդությամբ:
Նաև դասընթացը ներառող նյութեր են տպագրվել, վրացերենից թարգմանվել հայերեն, ադրբեջաներեն ու անգլերեն:
Նախագիծն իրականացնողների խոսքով` չեն սահմանափակվում միայն հանդիպումներով, հետադարձ կապը պահում են դասընթացին մասնակցած աշակերտների, նրանց մանկավարժների ու ծնողների հետ, և արձագանքները միայն դրական են:
Լուսանկարները տրամադրել են ծրագրի կազմակերպիչները