«Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը» (ALDE) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանի առաջին քայլը եվրոպական ճանապարհին Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ազատ արձակումն է։
Ըստ նրանց՝ Գվարամիան դատապարտվել է շինծու մեղադրանքներով։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի» անդամ կուսակցությունները հավատարիմ են Եվրամիության ընդլայնմանը և կարծում են, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան Արևմտյան Բալկանյան երկրների հետ պետք է ունենան եվրոպական ապագա։
«Օրենքի գերակայությունը, անկախ մամուլի և ազատության պաշտպանության դրույթներն ամենակարևորն են, հատկապես եվրոպացի լիբերալների համար: Մենք սերտորեն աշխատում ենք ALDE-ի անդամ կուսակցությունների հետ՝ ապահովելու Վրաստանի եվրոպական ապագան։
Պետք է դադարեցնել արդարադատության քաղաքականացումը։ Վրաստանի կառավարությունը և իշխող կուսակցությունը պարտավոր են կատարել 2021 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիրը, որը վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ քաղաքական ճգնաժամի ավարտին։ Սա ԵՄ թեկնածության ճանապարհն է»,- նշված է ALDE-ի նախագահ Իլհան Քյուչուկի ստորագրած հայտարարության մեջ։