Եվրախորհրդարանը նոր ընտրություններ է պահանջում Վրաստանում

Եվրախորհրդարանը մերժում է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ է պահանջում:

Վրաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Եվրախորհրդարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հերթական անգամ տարածել է Վրաստանի վերաբերյալ նոյեմբերի 28-ին ընդունված բանաձևի մի մասը։

«Եվրախորհրդարանը պահանջում է նոր ընտրություններ Վրաստանում: Զգալի խախտումների պատճառով եվրոպացի խորհրդարանականները մերժում են Վրաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում, որ դրանք կրկին անցկացվեն մեկ տարվա ընթացքում։

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են բազմաթիվ և լուրջ ընտրախախտումները, ներառյալ ընտրողներին ահաբեկելու, ձայների մանիպուլյացիայի, ընտրությունների դիտորդների և լրատվամիջոցների միջամտության փաստագրված դեպքերը, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության մեքենաների միջոցով քվեարկության մանիպուլյացիաները», — նշված է հայտարարության մեջ:

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

Թբիլիսյան զարգացումներ. նոյեմբերի 29-30