«Եվրախորհրդարանականների այցը չի ծառայում երկրի ազգային շահերին». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորների այցը Վրաստան «չի ծառայում երկրի ազգային շահերին»։

Նրա խոսքով, պատվիրակության անդամներն այն մարդիկ են, որոնք խախտել են ընտրական սկզբունքները, քանի որ «ներգրավված են եղել վրաստանյան նախընտրական քարոզարշավում»։

«Ամեն դեպքում այս այցի ոգին, ցավոք, չի ծառայում մեր երկրի ազգային շահերին։ Ասուլիսում ուղղակիորեն խոսեցին ժողովրդի կամքին հակառակ իշխանափոխության մասին։ Սա այն վերաբերմունքը չէ, որ եվրոպացի քաղաքական գործիչը պետք է ունենա ինքնիշխան երկրի նկատմամբ։ Ուստի մեր դիրքորոշումն այս այցի նկատմամբ տեղին է»,- ասել է Կոբախիձեն։

Այսօր վարչապետի թիմակից Կախա Կալաձեն, որ «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարն ու Թբիլիսիի քաղաքապետն է, եվրոպացի պատգամավորներին «անգործունյա» և «վնասատու» է անվանել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հյուրընկալել է Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին։

«Վրացական երազանք»-ի առաջնորդները չեն հանդիպել եվրոպացի պատգամավորներին: Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել նրանց հետ:

Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորները հանդիպել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ։