Եվրախորհրդարանականները հանդիպել են ՀԿ-ների և ընդդիմադիրների հետ

Եվրամիության 8 երկրների խորհրդարանների պատգամավորները հանդիպել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ։

Ինչպես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը, այս դեպքում էլ խոսակցության հիմնական թեման 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններն են եղել։

«Զրույցը եղել է մեր ընկերների հետ, որոնք մեր երկրի և մեր ժողովրդավարության հիմնական երկրպագուներն են։ Խոսքն այն բոլոր խնդիրների մասին էր, որոնց շուրջ այս օրերին խոսում ենք լուծում գտնելու համար, թե ինչպես կարելի է երկիրը դուրս բերել այս փակուղուց։ Դրանց թվում, իհարկե, միջազգային հետաքննությունն էր»,- հանդիպումից հետո ասել է «Վրաստանի համար» կուսակցության անդամ Դիմիտրի Ցքիտիշվիլին։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Բադրի Ջափարիձեն Եվրոպայից «համապատասխան քայլ» է ակնկալում. «Եվրոպան ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Ելնելով այն հանգամանքից, որ «Վրացական երազանք»-ը ամեն ինչ անում է վրաց ժողովրդին ցավ պատճառելու, երկրին ցավ պատճառելու համար, պետք է հասկանալ, որ Եվրոպայից համապատասխան քայլեր են լինելու։ Ցավոք սրտի, հետևում են ցավոտ քայլեր։ Մեր խնդիրն է, որ վրաց ժողովուրդը ինչ-որ կերպ խուսափի դրանից։ Այդ իսկ պատճառով պետք է չլեգիտիմացնել այն ամենը, ինչ արեց «Վրացական երազանք»-ը»։

Հանդիպումից հետո «Արդար ընտրություններ» ՀԿ-ի ղեկավար Նինո Դոլիձեն ասել է՝ տպավորված է, որ Վրաստանի գործընկերներն ամեն ինչից լավ տեղեկացված են:

«Նրանց հիմնական ուղերձն այն էր, որ քաջատեղյակ են ընտրությունների օրը բացահայտված խնդիրներին ու խախտումներին։ Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեին, և այն, ինչ այս ընթացքում ներկայացրել են քաղաքացիական հասարակությունը և մյուս դերակատարները, բավական էր, որ տեսնեն, թե ինչ խնդիրներ կան այս ընտրություններում»,- ասել է Դոլիձեն:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն ընդգծել է այցի կարևորությունը. «Նրանց այցն առաջին հերթին հիմնական ուղերձն է։ Նման այցեր չեն լինում, երբ երկրում ճգնաժամային իրավիճակ չկա։ Այս այցը վկայում է այն մասին, որ երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որը պայմանավորված է օրեր առաջ տեղի ունեցած ընտրություններով»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հյուրընկալել է Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել նրանց հետ։

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Վրացական երազանք»-ը մերժել է պատվիրակության անդամների հետ հանդիպման առաջարկը։