Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքով, Եվրախորհրդարանի անդամները բանկերի «սև ցուցակների» հետ կապված նախաձեռնության վերաբերյալ մտահոգիչ հայտարարություն են արել:
«Եվրախորհրդարանի անդամները Վրաստանի հասցեին նման հայտարարություններ երբեք չեն արել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կոչ անել «Վրացական երազանք»-ին՝ հրաժարվել այդ անհեթեթությունից: Ռումինացի կոմունիստների հայտարարությունները հավանում էիք, իսկ Եվրախորհրդարանի անդամներինը ո՞չ: Այդ հայտարարությունները մե՞ր կողմից են կազմակերպված»,- հայտարարել է Վաշաձեն:
Վերջինիս խոսքով, եվրախորհրդականները շոկի մեջ են:
«Նման նախադեպ աշխարհում չի եղել: Եվրախորհրդարանի անդամները շոկի մեջ են: Նրանք էլ են քաղաքականության մեջ, նրանք նույնպես մասնակցում են ընտրություններին ու լավ գիտեն, թե ինչ է նախընտրական ստանդարտը»,- հավելել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ կառավարությունը շուրջ 600 000 քաղաքացիների բանկերի պարտքերի զրոյացման նախաձեռնությունով է հանդես եկել։