«Եվրոպայի հեռարձակողների միությունը» հայտնում է, որ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում և եզրափակիչում վեց երկրների ժյուրին քվեարկել է կանոնների խախտմամբ, ինչի պատճառով էլ նրանց ձայները չեն հաշվարկվել։ Ըստ այդմ, երկրորդ կիսաեզրափակիչում և եզրափակիչում այս երկրների ձայները հաշվարկվել են քվեարկության նմանատիպ պատմություն ունեցող այլ երկրների արդյունքներով։
«Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) լուրջ կասկածներ ունի Եվրատեսիլի ժամանակ քվեարկության գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելու փորձի վերաբերյալ և իրավունք ունի չեղարկել նման քվեարկությունը՝ քվեարկության պաշտոնական հրահանգներին համապատասխան՝ անկախ այն բանից, թե այդ քվեները ինչ ազդեցություն կարող են ունենալ արդյունքների վրա», — նշված է Եվրոպայի հեռարձակողների միության տարածած հաղորդագրության մեջ։
Այն վեց երկրները, որոնց ժյուրին քվեարկել է կանոնների խախտմամբ, նշված չեն հայտարարության մեջ, թեև BBC-ի լրագրողը Twitter-ում երկրների շարքում նշել է նաև Վրաստանը։
«EBU-ն հայտարարել է, որ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում վեց երկրներ կանոնների խախտմամբ են քվեարկել։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Վրաստանի արդյունքները ժյուրիի փոխարեն ընթերցել է EBU-ի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը», — գրում է BBC-ի լրագրող Մարկ Սեվիջը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան դարձավ Եվրատեսիլ 2022-ի հաղթող։ Երկիրը ներկայացրեց KALUSH ORCHESTRA խումբը՝ եզրափակչում կատարելով Stefania երգը և հավաքելով 631 միավոր։ Հատկանշական է, որ խումբը հեռուստադիտողների կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 439 միավոր, իսկ 5 երկրի ժյուրիից առավելագույն գնահատականը՝ 12 միավոր։
Եվրատեսիլի արդյունքներով, վրացական ժյուրին Ուկրաինայի պատվիրակի ելույթը գնահատեց 6 միավոր, ինչն առաջացրել է հասարակության դժգոհությունը։