Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում սպասվող ընտրությունները, իշխող կուսակցության հակաժողովրդավարական գործողությունները, ԵՄ-ի դեմ Թբիլիսիի հռետորաբանությունը, ինչպես նաև ընտրություններից առաջ վրացական ժողովրդավարությանը աջակցող բանաձև ընդունելու անհրաժեշտությունը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ուրմաս Պաետին ասել է, որ քանի դեռ ռուսական օրենքը չեղյալ չի հայտարարվել, Վրաստանը չի կարող առաջընթաց գրանցել Եվրամիության հետ հարաբերություններում։
«Վրաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ցանկանում է երկիրը տեսենել Եվրոպայում։ Այդ իսկ պատճառով Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ։ Ցավոք, իշխանությունը դրան դեմ է գործում։ Վերջին ժամանակահատվածում Վրաստանը հեռացել է ԵՄ-ից, իսկ Ռուսաստանի ազդեցությունը մեծացել է։
«Թափանցիկության մասին» և այլ օրենքների ընդունման նպատակը քննադատական ձայների վրա հարձակումն է, լրատվամիջոցների և խոսքի ազատության սահմանափակումը: Պարզ է, որ քանի դեռ այս օրենսդրությունը չեղյալ չի հայտարարվել, ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինի»,- ասել է նա:
Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերն էլ կարծում է, որ Վրաստանի կառավարությունը գործում է վրաց ժողովրդի եվրոպական ուղու դեմ։
Նա ընդգծել է, որ իրեն հիացնում է Վրաստանի քաղաքացիների հավատարմությունը դեպի Եվրոպա, սակայն հավելել է նաև, որ կառավարության գործողությունները հակասում են ժողովրդի այս տրամադրությանը։
Ըստ Միքսերի՝ կառավարության կողմից ռուսական և հակաԼԳԲՏ օրենքների ընդունումը հակասում է Եվրամիության արժեքներին։