«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Քիշնևում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաանդամակցությանն աջակցելու մասին որոշում, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը։
«Վեհաժողովը ողջունում է 2022 թվականի հունիսի 23-ին Եվրահանձնաժողովի ընդունած որոշումը Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ և ընդգծում է, որ բոլոր երեք երկրներն էլ ԵՄ ընդլայնման քաղաքականության մաս են կազմում», -ասված է տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում նաև անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, հարգել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինչը կարևոր է եվրոպական անվտանգության ապահովման համար։
ԽՎ-ը ընդունում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ներդրումը Եվրամիության ընդհանուր անվտանգության և բարգավաճման գործում՝ ընդգծելով, որ բոլոր երեք երկրների ինտեգրումը կարևոր է Եվրամիության կայունության ապահովման համար:
Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին նստաշրջանում ընդգծել է, որ Խորհրդարանական վեհաժողովը պետք է հստակորեն աջակցի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրաանդամակցությանը։
2023 թվականի փետրվարի 19-21-ը Քիշնևում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել են նաև Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները։
Աննա Թորոսյան, ստաժոր