Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X -ում եվրանդամակցության բանակցությունների մեկնարկը Վրաստանի հետ անհավանական է համարել։ Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի խորհրդարանի համաձայնությունը, որը ստեղծված իրավիճակում անհնար է։
Դեսպան Ֆիշերը հղվել է Գերմանիայի Սահմանադրությանը, որի 23-րդ հոդվածը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու համար պահանջում է Բունդեսթագի համաձայնությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Եվրախորհուրդը հրապարակել էր փաստաթուղթ, որտեղ խոսվում էր Վրաստանի կառավարության ընթացքի մասին՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում երկրի ապագայի համար։ Բացի այդ, ընդգծվել էր, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցված է։
Հոկտեմբերի 30-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր նաև 2024 թվականի ընդլայնման փաթեթը։ Զեկույցում նշվում էր, որ քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս կուրսը, Եվրահանձնաժողովը չի կարողանա քննարկել բանակցություններ սկսելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման հարցը։