Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակի կողմից Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին (ՀԿ) ուղարկված նամակում նշվում է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործին։
Նամակում ևս մեկ անգամ ընդգծվում է, որ հիմնարար իրավունքները և պատշաճ դատավարությունը պետք է պաշտպանվեն թափանցիկ և արդար դատական որոշումներով՝ օրենքի գերակայությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
Միշելի գրասենյակը միաժամանակ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը դատական բարեփոխումների կոչ է անում։
«Քաղաքացիական հասարակության և լրատվական ընկերությունների հարգելի ներկայացուցիչներ, շնորհակալություն ենք հայտնում նոյեմբերի 7-ի համատեղ նամակի համար, որում ձեր մտահոգությունն եք հայտնում Նիկա Գվարամիայի դատավարության վերաբերյալ։
Մենք ուշադիր հետևում ենք պարոն Գվարամիայի դատական գործին, այդ թվում՝ Թբիլիսիում ԵՄ պատվիրակության միջոցով։
ԵՄ-ն չի մեկնաբանում առանձին դատական գործերի էությունը, սակայն մենք նշում ենք, որ հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ հանրային պաշտպանի կողմից, Գվարամիայի գործով դատարանի պատճառաբանության վերաբերյալ: Հաշվի առնելով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 2-ի վճիռը, Եվրամիությունը նույն օրը հաղորդագրություն է տարածել Գվարամիայի գործով։
Եվրամիությունը բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին ներգրավվել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների մեջ: Սա նաև 2021 թվականի ապրիլի 19-ի քաղաքական համաձայնագրի և որոշ ժամանակ առաջ ընդունված ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի հիմնաքարերից մեկն է»,- նշված է նամակում։
Ըստ նամակի՝ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել զարգացումներին և արդարադատության ավելի լայն բարեփոխումներին և պատրաստ է աջակցել բոլոր էական ջանքերին՝ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք համահունչ են Վրաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներին:
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։ Որոշումը հրապարակվել է նոյեմբերի 2-ին։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Գվարամիայի պատիժը վերջնականապես սահմանվել է 3 տարի 6 ամիս։