Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) շարունակում է արձագանքել Ռուսաստանի օկուպացրած տարածքներում ռուսական անձնագրերը սահմանափակելու Եվրախորհրդարանի որոշմանը։
Ի դեպ, Եվրախորհրդարանը հաստատել է «Ուկրաինայի և Վրաստանի անօրինական օկուպացված շրջաններում» ռուսական կողմից տրված անձնագրերն ու ճամփորդական այլ փաստաթղթեր չճանաչելու որոշումը։
Դե ֆակտո ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ-ն» Եվրախորհրդարանի նշված որոշումը դիտարկում է որպես «Աբխազիայի Հանրապետության» միջազգային մեկուսացմանն ուղղված հերթական սադրանք։ Ըստ նրանց՝ Եվրամիությունը դարձել է Աբխազիայի միջազգային մեկուսացման Վրաստանի անօրինական և հակամարդկային քաղաքականության անմիջական մեղսակիցը։
«Արդյունքում առաջացած սահմանափակումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում են:
Եվրախորհրդարանի որոշումը դեմ է Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի անվերապահ իրավունքին։ Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում նշված որոշման կապակցությամբ, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասված է դե ֆակտո ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հարկ է նշել, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետություններում քաղաքացիների 80-90 տոկոսը (տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներով — խմբ.) ունի ռուսական անձնագիր։ Տարիներ շարունակ դրանք տրվում էին Սոխումիում և Հարավային Օսիայում, սակայն 2014 թվականից հետո (Ղրիմի անեքսիայից հետո — խմբ.) ԵՄ մեծ թվով երկրներ այլևս վիզա չէին տալիս նման անձնագիր ունեցող քաղաքացիներին։ Ըստ այդմ, աբխազներն ու օսերը սկսել են անձնագիր ստանալ Ռուսաստանում։
Նշենք նաև, որ Սոխումին կոշտ հայտարարություններով է արձագանքել Աբխազիայում ռուսական անձնագրերի հնարավոր արգելքի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը։
ԵԽ-ն հաստատել է օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին որոշումը