Վրաստանի բնակչության մեծ մասը դեռ կողմ է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալուն։ Այս մասին ասվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) և Վրաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության մեջ:
Վրաստանի` Եվրամիության անդամ դառնալուն կողմ է արտահայտվել հարցվածների 83%-ը, դեմ՝ 8%-ը, իսկ 3%-ը դժվարացել է պատասխանել։
Նույն հարցման համաձայն՝ քաղաքացիները համակարծիք են, որ ԵՄ անդամակցությունը կարևոր է՝ անկախ քաղաքական հայացքներից։
Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կողմ է հարցվածների 77%-ը, դեմ՝ 11%-ը, 12%-ը դժվարացել է պատասխանել։ Այս դեպքում ևս բնակչությունը կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը, անկախ քաղաքական հայացքներից, կարևոր է։
NDI-ի մեկ այլ հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծ մասը կարծում է, որ Վրաստանը զարգանում է սխալ ուղղությամբ։
Հարցվածների 27%-ի կարծիքով՝ Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 21%-ի կարծիքով՝ Վրաստանն ընդհանրապես չի զարգանում, 43%-ի կարծիքով էլ՝ Վրաստանը զարգանում է սխալ ուղղությամբ։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը՝ Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:
Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։