Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունն արժանի չէր Եվրահանձնաժողովի հանձնարարականին։ Գերմանացի քաղաքական գործչի խոսքով՝ հանձնարարականն առաջին հերթին նվեր է վրաց ժողովրդին։
«Վրաստանի կառավարությունը շատ քիչ բան է արել կարգավիճակին արժանանալու համար։ Կառավարությունը հեռու է մնացել ԵՄ-ից և նրա արժեքներից։ Թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հանձնարարականն առաջին հերթին պետք է ընկալել որպես նվեր եվրոպամետ քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդին»,- գրել է Ռոթը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց իր զեկույցը ընդլայնման փաթեթի վերաբերյալ և խորհուրդ տվեց Եվրախորհրդին տրամադրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։