Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։
«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն պատրաստել է գնահատման փաստաթուղթ՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է մինչ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վրացական իշխանությունների այս ուղղությամբ ձեռքբերած առաջընթացը, ներկա իրավիճակը և ապագայի համար որոշած քայլերը։։
Այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել «Ստատուսմետր»-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական խմբերի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ըստ կազմակերպիչների՝ շնորհանդեսին հրավիրված է եղել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, բայց իշխող թիմից ոչ ոք ներկա չի եղել։
Գնահատման փաստաթուղթն ապրիլին հրապարակել են նաև հասարակական կազմակերպությունները, որոնց ընթացիկ գնահատմամբ՝ 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 30-ը պայմանների կատարման առումով էական առաջընթաց չի նկատվել։
Ըստ փաստաթղթի՝
- Այս պահին ամբողջությամբ կատարվել է ընդամենը 1 առաջնահերթություն, որը ենթադրում է Վրաստանի դատարանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների ակտիվ քննարկում։
- Մեծ մասամբ կատարվել է 2 առաջնահերթություն՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքար և գենդերային հավասարություն ու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար։
- Մասամբ կատարվել է 4 առաջնահերթություն՝ ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ, խոցելի խմբեր և անկախ հանրային պաշտպան։
Ըստ կարգավիճակի հաշվիչի՝ այս փուլում պետք է իրականացվի 5 առաջնահերթություն՝ ապաբևեռացում, անկախ դատական համակարգ, ապաօլիգարխացում, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներգրավվածություն։