Վիզային ռեժիմ որոշ պաշտոնյաների համար. քննարկում Եվրահանձնաժողովում

Հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումները՝ քննարկումներ են ընթանում առանձին կատեգորիայի անձանց համար վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի հնարավոր ներդրման շուրջ, ասված է «Վիզայի կասեցման մեխանիզմի» մասին Եվրահանձնաժողովի 7-րդ զեկույցում։ 

Նշվում է՝ վիզայի ազատականացման բոլոր չափանիշներին համապատասխանելու և կասեցման մեխանիզմի հնարավոր ներդրումից խուսափելու համար Վրաստանը պետք է հետագա հրատապ միջոցներ ձեռնարկի Եվրահանձնաժողովի առաջարկությունները կատարելու համար:

Եվրահանձնաժողովը առաջարկությունների տեսքով առանձնացնում է կոնկրետ հարցեր.

  • Ապահովել և պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ներառյալ միավորումների, հավաքների և արտահայտվելու ազատությունը, գաղտնիության իրավունքը, հանրային գործերին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը:
  • Չեղյալ համարել և հանել օրենքի ցանկացած դրույթ, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք հակասում են խտրականության սկզբունքին և համապատասխան եվրոպական և միջազգային չափանիշներին: Մասնավորապես, չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («Գործակալների օրենք»-հեղ.) և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» («ՀակաԼԳԲՏ օրենք») օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների լիարժեք հարգումն ապահովելու համար։
  • Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը ԵՄ-ի երրորդ երկրների ցանկին, որոնք վիզա են պահանջում, հատկապես այն երկրների համար, որոնք ԵՄ-ի համար անօրինական միգրացիա կամ անվտանգության վտանգ են ներկայացնում:
  • Ուժեղացնել ջանքերը՝ ուղղված ապաստանի անհիմն պահանջների և անդամ պետություններում անկանոն ներկայության խնդրին. օրինակ՝ միգրանտների համապատասխան կատեգորիայի համար առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ տեղեկատվական արշավներ իրականացնելով և սահմանային ստուգումները խստացնելով։
  • Ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ և ակտիվների կառավարման գրասենյակ և շարունակել աշխատել ակտիվների հետագծման, սառեցման, կառավարման, բռնագրավման և լուծարման ուղղությամբ:
  • Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր, հատկացնել բավարար ռեսուրսներ դրա իրականացման համար և հատուկ ուշադրություն դարձնել բարձր մակարդակի կոռուպցիոն գործերի քննությանը, քրեական հետապնդմանը և դատավճիռներին։
  • Փոփոխել «Հակակոռուպցիոն բյուրոյի մասին» օրենքը՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Հակակոռուպցիոն բյուրոյի անկախությանը, քաղաքական չեզոքությանը և գործառույթներին:
  • Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:

Բրյուսելի «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն՝ Եվրամիության կողմից Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման կասեցումը դեռևս դիտարկվում է որպես «Վրացական երազանք»-ի կառավարության «հակաժողովրդավարական և հակաարևմտյան քայլերի» պատասխան։ Նշվում է, որ դեկտեմբերի 16-17-ը նախատեսված են Եվրամիության արտաքին գործերի և ընդհանուր գործերի խորհուրդների նիստերը, որի ընթացքում էլ քննարկվելու է վերոնշյալ հարցը: