Եվրահանձնակատարը կոչ է արել չեղարկել «գործակալների» և հակաԼԳԲՏ օրենքները

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նոր հուշագրով Վրաստանի կառավարությանը կոչ է արել չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին և ԼԳԲՏ (հակաԼԳԲՏ օրենք) իրավունքները սահմանափակող օրենքները:

Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ մարտի 26-ին հրապարակված զեկույցում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛ֆլահերթին նշել է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նման է ռուսական նմանատիպ օրենքին։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է եվրոպական իրավունքի հետ անհամատեղելի, ինչը Վրաստանը նույնպես պարտավոր է պահպանել։

Հանձնակատարը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և ցանկացած փոփոխություն կամ փոխարինող օրենք համապատասխանեցնել մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորություններին:

Օրենքը, որը «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունեց 2024 թվականի մայիսին համատարած բողոքի ակցիաների պայմաններում, պահանջում է, որ բոլոր կազմակերպությունները, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը դրսից, գրանցվեն որպես «օտար տերության շահերը կրող»։

Եվրախորհրդի հանձնակատարի զեկույցում քննարկվում է նաև «Ընտանեկան արժեքների պաշտպանության մասին օրենքը», որը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, սահմանափակում է ԼԳԲՏ համայնքի անդամների իրավունքները։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքով՝ այդ օրենքը «ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրավական խտրականության հիմք է ստեղծում և անհամատեղելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և նրա նախադեպային իրավունքի հետ»։

Օ՛ֆլահերթին գրել է, որ օրենքը խարանում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նա կոչ է անում կառավարությանը չեղյալ համարել նաև այդ օրենքը։

Վրաստանի խորհրդարանը ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենք է ընդունել 2024 թվականի սեպտեմբերի 17-ին: «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը նախատեսում է փոփոխություններ ևս 18 գործող օրենքներում, այդ թվում՝ «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում։