
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Վրաստանի վերաբերյալ նոր հուշագրում «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի նախնական կալանքը «չհիմնավորված» է համարում և Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրան։
«Իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն լրագրող Մզիա Ամաղլոբելիին նախնական կալանքից ազատելու և արդար դատաքննության ու անմեղության կանխավարկածի նրա իրավունքները պաշտպանելու համար», — գրել է հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին մարտի 26-ին հրապարակված զեկույցում, որը վերանայել է Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը:
Ամաղլոբելին կալանքի տակ է հունվարի 12-ից. նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում ոստիկանին ապտակելու համար։ Մարտի 18-ի նիստում դատավորը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը։
Եվրախորհրդի հանձնակատարը Ամաղլոբելիի նախնական կալանքը «չհիմնավորված» է համարում։ Նա նաև մտահոգություն է հայտնել «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) եթերից լրագրող Վասիլ Իվանով-Չիքովանիի հեռացման առնչությամբ այն բանից հետո, երբ վերջինս համերաշխություն էր հայտնել Ամաղլոբելիին։
Օ’Ֆլահերթին քննադատել է նաև «Վրացական երազանք»-ի հայտարարած օրենքը, որը կսահմանափակի տեղական լրատվամիջոցների արտասահմանյան ֆինանսավորումը: Հանձնակատարը նշել է, որ լրագրողները ոչ միայն թիրախավորվել են 2024 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին, այլև ենթարկվում են աճող բռնաճնշումների տարբեր ձևերի:
Ամաղլոբելիի գործը
Ամաղլոբելին հունվարի 11-ին նախ վարչական կալանքի է ենթարկվել, ապա ազատ արձակվել, իսկ մի քանի ժամվա ընթացքում՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:
Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։