Եվրահանձնակատարը կոչ է անում ազատ արձակել ձերբակալվածներին

Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Օլոֆ Սքուգը հայտարարել է, որ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված մտահոգության շատ պատճառներ կան։ Նա խոսել է նաև եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։

Ըստ նրա՝ մտահոգության պատճառներից են ընդունված բազմաթիվ օրենքները, որոնք հստակ սահմանափակում են Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը:

«Մենք բոլորս գիտենք, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային և եվրոպական չափանիշներին, և վերջապես, խաղաղ ցույցերին Վրաստանի կառավարության և իշխանությունների արձագանքը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային և համընդհանուր պարտավորություններին», — ասել է Սքուգը:

Անդրադառնալով եվրոպամետ բողոքի ցույցերի ընթացքում կալանավորվածներին ազատ արձակելու պահանջին, որն ավելի ու ավելի է լսվում միջազգային կազմակերպություններից և ԵՄ կառույցներից, Սքուգն ասել է՝ առաջին քայլը պետք է լինի ձերբակալվածների ազատ արձակումը:

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Քոսը փետրվարի սկզբին Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները «տագնապալի» է անվանել և Վրաստանի կառավարությանը հորդորել է վերադառնալ Եվրամիության ուղի։