Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնում Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կազմակերպած քննարկմանը մի շարք քաղաքական հայտարարություններ է արել:
Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ոչ միանշանակ դիրքորոշումը Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ փոխվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո։
Նախագահի խոսքով, ինքը ողջունում է այդ փոփոխությունը, սակայն ավելի լայն քաղաքական սպեկտրը պետք է պատրաստ լինի, եթե կառավարությունը չկատարի Եվրամիության առաջարկությունները։ Զուրաբիշվիլին չի բացառել, որ «Վրացական երազանքի» հռետորաբանության փոփոխությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններով, քանի որ վրաց հասարակությունը երբեք չի սատարի հակաեվրոպական ուժին։
Շարունակելով խոսել ներքաղաքական իրավիճակի մասին` նախագահն ասել է, որ չի պատրաստվում ընդդիմության առաջնորդ լինել: Զուրաբիշվիլիի խոսքով՝ ցանկացողներ կան, որ ինքն ստանձնի այդ դերը։
Վրաստանի նախագահի խոսքով՝ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կոալիցիոն կառավարությունն է։ Ըստ նրա` դրանով երկրում վերջ կտրվի թե՛ օլիգարխացմանը, թե՛ բևեռացմանը։
Նախագահն ասել է, որ այս փուլում իշխող թիմը չունի բնակչության մեծամասնության աջակցությունը, և ընտրողները չեն աջակցում նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» վերադարձին։
Զուրաբիշվիլին խոսել է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին: «Ազատ ու արդար ընտրությունները կախված չեն նրանից, թե որտեղ կլինի Սաակաշվիլին։ Նա բանտում քաղաքական հակառակորդ չէ, նա Նավալնին չէ»:
Նրա խոսքով, Սաակաշվիլին պատիժ է կրում իրական հանցագործությունների համար։ Զուրաբիշվիլին հրաժարվել է մեկնաբանել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը:
Զուրաբիշվիլիին ասել է, որ Վրաստանի և Եվրոպայի ապագան Ուկրաինայի հաղթանակի մեջ է։ Զուրաբիշվիլիի պնղմամբ՝ եվրոպացի լինելն ու դեպի Եվրոպա ձգտելը Վրաստանի ԴՆԹ-ում է։ Ըստ նրա՝ 2003 թվականին, երբ որպես ֆրանսիացի դիվանագետ առաջին անգամ եկավ Վրաստան, չնկատեց Վրաստանի հարևանությունը Եվրամիությունում, իսկ 20 տարի անց երկիրը դարձավ անդամակցության թեկնածու։
Զուրաբիշվիլին ընդգծել է՝ Վրաստանի եվրաինտեգրման գլխավոր մարտահրավերը Ռուսաստանն է։
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հարևանությունը, բայց այսօր վտանգն Ուկրաինայում է։ Եթե Ռուսաստանը մտածի, որ կարող է ընդլայնվել, որովհետև դա է նրա բնույթը, չի լինի կայունություն, խաղաղություն, և Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի նման երկրների համար շատ դժվար կլինի գոյություն պահպանել: Ռուսաստանը փոխելու միակ ճանապարհը Ուկրաինայի պատերազմում չհաղթելն է, և դա բոլորի պատասխանատվությունն է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, Ուկրաինան շատ առումներով հաղթող է, քանի որ Ռուսաստանը չի հասել պատերազմի նպատակներին. նպատակին չհասցնելուց հետո Ռուսաստանը սկսել է միջուկային սպառնալիքներ հնչեցնել, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքի փոխանցումը Բելառուսին։
«Սա ավելի շատ հոգեբանական պատերազմ է, որը ղեկավարում է նախկին ԿԳԲ-ի գործակալը, իսկ գործակալները նախկին չեն լինում», — ասել է նա: