Եթե Վրաստանը դիմակայի սահմանների բացմանը, պատմություն կմտնենք. Ցերցվաձե

«Վրաստանը կորոնավիրուսի դեպքերի քանակի տեսանկյունից երջանիկ բացառություն է աշխարհում»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, որը համակարգում է երկրի բոլոր covid-կենտրոնները:

Ցերցվաձեն գտնում է, որ եթե Վրաստանին հաջողվի պահպանել կորոնավիրուսի տարածման  այսօրվա ցածր մակարդակը, ապա երկիրն ամբողջ աշխարհի համար օրինակ կդառնա:

Նա զգուշացրել է, որ միջազգային տուրիզմը վերականգնելուց հետո երկրում իրավիճակը կարող է անմիջապես փոխվել:

«Մինչև Միջազգային տուրիզմի վերականգնումը մենք չենք ակնկալում դեպքերի որևէ աճ, քանի որ երկրի ներսում փաստացի վարակ չկա, ումի՞ց պետք է տարածվի: Վրաստանը դիմակայել է առաջին փորձությանը, երբ անհրաժեշտ էր թույլ չտալ վարակի տարածումը, դիմակայել են նաև երկրորդ փորձությանը, երբ չեղարկվեցին արտակարգ դրությունն ու սահմանափակումները: Եթե Վրաստանը դիմակայի նաև սահմանների բացմանը, ապա դա պատմական իրադարձություն կլինի, ամբողջ աշխարհը կխոսի մեր մասին»,- հայտարարել է Ցերցվաձեն։ «Ուզում եմ վստահեցնել բնակչությանը, որ բժշկական ոլորտը պատրաստված դիմավորեց առաջին ալիքին, օգտագործելով իր հնարավորությունների մեկ հինգերորդ մասը: Եթե տուրիզմը վերականգնելուց հետո լինի կորոնավիրուսի տարածման նոր ալիք, հույս ունեմ, որ բժշկական ոլորտն այս անգամ էլ պատրաստված կլինի»,- ասել է նա: