Արգելքները հանելու դեպքում հունվարի վերջին Վրաստանում վարակի օրական ցուցանիշը կհասնի 5000-ի։ Ուժի մեջ թողնելու դեպքում` մոտ 1600։
Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ Ըստ նրա` երկրում իրավիճակը փոքրիշատե հանդարտվում է, բայց դա թուլանալու առիթ չպետք է տա։ Վիճակը ցանկացած պահի կարող է վատթարանալ։ Միաժամանակ, դիմակ կրելու ցուցանիշը 70%-ի է հասել, եթե հնարավոր լինի հասնել 95%-ի, դեպքերի քանակը կմնա 720-ի սահմաններում` վստահ է մասնագետը։ Գամկղրելիձեն նաև տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ հունվարից ակտիվ թեստավորման մեջ ներգրավվելու են տաքսու վարորդները, առևտրականները, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ըստ համաճարակաբանի` ակտիվ թեստավորումն է լինելու տնտեսության` աստիճանական վերաբացման միջոցներից մեկը։
Հիշեցնենք` վերջին օրվա ընթացքում երկրում 538 նոր դեպք կա, սա դեկտեմբերի 27-ի համեմատ` 2 անգամ պակաս թիվ է։ 2766 մարդ ապաքինվել է, 41-ը` մահացել։
Նոյեմբերի 28-ին համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված ընդունված սահմանափակումները գործելու են մինչև փետրվարի 1-ը։