Վրաստանի իշխանություններն արդեն օրեր է՝ էթնիկ փոքրամասնությունների կողմից մեղադրվում են խտրականություն ցուցաբերելու մեջ: Սրա պատճառ են դարձել դեռ Խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհրդի ստեղծումը, հետո էլ՝ Նովրուզ Բայրամի տոնին պարետային ժամը չեղարկելու մասին խնդրանքը մերժելը:
Նովրուզ Բայրամի տոնը նշվում է նաև Վրաստանում՝ տարբեր էթնիկ խմբերի կողմից: Ըստ ավանդույթի՝ տոնի ընթացքում մարդիկ իրար տուն են հյուր գնում, շնորհավորում միմյանց, ամեն ինչ՝ ինչպես ամանորի ժամանակ:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ գործող սահմանափակումներից «պարետային ժամը» շարունակում է ուժի մեջ մնալ, ինչը տվյալ տոնը նշելու համար խոչընդոտ է հանդիսանում: Պարետային ժամը մեկ օրով չեղարկելու դիմումով Վրաստանում գործող «Սալամ» հասարակական կազմակերպությունը դիմել էր երկրի կառավարությանը, ինչին ի պատասխան ստացել էր, որ հարցով կդիմի Սփյուռքի հանձնաժողովին: Այս մասին Ալիք Մեդիային պատմում է ադրբեջանցի ակտիվիստ Քամրան Օսմանլին:
«Հենց այսպես էլ սկսվեց ես սփյուռք չեմ խորագրով շարժումը: Մենք դարեր շարունակ բնակվում ենք այստեղ, գիտենք մեր իրավունքները, սովորական քաղաքացիներ ենք ու ոչ մի դեպքում՝ այլ երկրի սփյուռք: Հետո այս հարցը հանձնվեց կրոնի խորհրդին, ինչը ևս զարմանք առաջացրեց, Նովրուզ Բայրամը ազգամշակութային օր է, ոչ թե կրոնական տոն: «Վրացական երազանքի» ներկայացուցիչները շատ անգամ են շնորհավորանք ուղղել մուսուլմաններին, սա կոպիտ սխալ է»,- ասում է Քամրանն ու հիշեցնում, որ վրաց ուղղափառ եկեղեցու կրոնական տոների ժամանակ պարետային ժամը սովորաբար վերացվում է, իսկ էթնիկ փոքրամասնությունները երկրորդական դեր ունեն Վրաստանում:
Նախօրեին կառավարությունը հայտարարություն տարածեց առ այն, որ պարետային ժամը չի չեղարկվի: Սրա հետ կապված այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակը: Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կոչ է անում կառավարությանը չեղարկել պարետային ժամը:
Քաղաքացիների մոտ վրդովմունք է առաջացրել նաև այն փաստը, որ մարտի 28-ին կայանալիք Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների 30 տոկոսը հնարավորություն կունենա դիտել խաղը «Դինամո» մարզադաշտում, ինչը ենթադրում է, որ խաղի ավարտից հետո՝ կեսգիշերն անց, հնարավորություն կունենան վերադառնալ տուն ու չտուգանվել: «Ինչո՞ւ է կարելի չեղարկել պարետային ժամը ֆուտբոլի համար, իսկ Բայրամի համար՝ ոչ»,- ասում են ակտիվիստները:
Սոցիալական ցանցերում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները որոշել են այսօր չենթարկվել պարետային ժամին ու խախտել այն:
Ես սփյուռք չեմ
Այս խորագրով սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է մեկնարկել դեռևս շաբաթվա սկզբին: Անկախ Նովրուզ Բայրամի շուրջ զարգացումներից, Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունները նաև դժգոհում են Խորհրդարանի Սփյուռքի հանձնաժողովին կից էթնիկ փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհրդի ստեղծումից: Խորհրդի գործունեությունը կապված է լինելու Վրաստանի քաղաքացիների՝ էթնիկ փոքրամասնությունների առավել ինտեգրման հետ, սակայն վերջիններիս զարմացրել է՝ ինչո՞ւ սփյուռքի հանձնաժողովին կից:
Թեմայի հետ կապված մարտի 18-ին Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում էթնիկ փոքրամասնությունները բողոքի ցույց են անցկացրել: Ցույցի մասնակիցներից աչքի էր ընկել «Սայաթ-Նովան սփյուռք է՞» գրությամբ պաստառով երիտասարդը: Մկրտիչ Շահդինարյանն է, միացել է «Սալամ» կազմակերպության նախաձեռնությանը:
Մկրտիչն ասում է՝ «Շատ ափսոս, թվում է «Վրացական երազանքը» չի ընկալում մեր ներդրած աշխատանքը, ջանքերն ու մշակութային բաժինը երկրի զարգացման գործում: Կարծես պատմությանը չտիրապետեն»,- ասում է Շահդինարյանը:
Սոցիալական ցանցերում թեմայի հետ կապված հրապարակումներ կարելի է գտնել #მე_დიასპორა_არ_ვარ հեշթեգով:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։