Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի:
Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Թբիլիսիում իրենց հանգիստն անցկացնող Ռուսաստանի քաղաքացիների ակցիան Վրաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության դեմ է։ Նրանք իրենց պաստառներում նշում են, որ «Աբխազիան դա Վրաստանն է», «Հոգնե՞լ ես Պուտինից, հանգստացիր Վրաստանում», «Այստեղ արևը, ծովը հիանալի է, մարդիկ՝ բարեհամբյուր»:
Նրանք ասում են, որ չնայած ռուսական կառավարական լրատվամիջոցների քարոզչությանը, Վրաստանում իրենց ապահով են զգում:
Հանրահավաքի մասնակիցների խոսքով, միջոցառումը կազմակերպել են սոցիալական ցանցերի միջոցով: