Հայաստանում նախօրեին մեկնարկել է «Արմմոնո» միջազգային 17-րդ փառատոնը: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնն առաջին անգամ մասնակցում է հեղինակավոր մոնոփառատոնին: «Սայաթ-Նովա» ներկայացմամբ է եզրափակվելու փառատոնը: Ներկայացման ռեժիսոր Լևոն Ուզունյանն ասում է՝ սա մեծ պատիվ ու պատասխանատվութուն է, և պետք է ապացուցել, որ կազմակերպիչները չեն սխալվել՝ փակման պատիվը հայկական դրամատիկականին վստահելով:
Լևոն Ուզունյանն այս փառատոնին մասնակցում է նաև Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի «Ա Լյա Շալյապին» ներկայացմամբ: Այդպես ստացվեց՝ ասում է Ուզունյանը: Ռեժիսորը գտնում է, որ մոնոյի ձևաչափն իր բարդությամբ է հետաքրքիր. «Սա այլ մոտեցում է: Եթե սովորական ներկայացման մեջ գլխավոր գործող անձն այսպես թե այնպես ռեժիսորն է, մոնոյում ընդհակառակն է: Այստեղ դերասանն է, ընդ որում միայն մեկը, ռեժիսորը վերջում էլ չի երևում, նույնիսկ այդպես էլ կոչվում է՝ դերասանի ներկայացում: Եթե այլ ներկայացումներում դերասանը կարող է ինչ-որ չափով հույսը դնել խաղընկերների վրա, այստեղ ինքն ու հանդիսատեսն են, և ամենադժվարն է՝ հենց առաջին րոպեից «գրավել» դահլիճն ու ստիպել մեկ ժամ նայել մեկ դերասանի: Իսկ ինձ համար ամենամեծ նվերն այն է, երբ դերասանը կարող է ասել՝ այս ամենը ես արեցի»:
Լևոն Ուզունյանի ու Գենրիխ Պետրոսյանի «Սայաթ-Նովա»-ն այլ է: Ներկայացման վրա երկու տարուց ավել են աշխատել: Սկսել են ընդամենը 3 գործից: «Ես էլ չհասկացա՝ ինչպես համարձակվեցի Սայաթ- Նովա բեմադրել, եթե մտածեի երկար, չէի անի: Այս ներկայացման շարժիչ ուժը Գենրիխն էր»:
Մեկ դերասանի ներկայացումը նաև դերասանի սրտով է: Երազանքիս դերն է՝ ասում Սայաթ-Նովայի դերը կատարող Գենրիխ Պետրոսյանը.
«2005 թվականից մասնակցում եմ Վարդատոնին, հանդիսատեսն ինձ միշտ Սայաթ-Նովային է նմանացրել, ու դա մտել է սիրտս, ես ինքս ինձ եմ նմանեցնում, ու ասեմ՝ երազանքները կատարվում են: Ես ապրում եմ, երբ խաղում եմ այս դերը: Արցունքներս են ակամա հոսում, երբ զգում եմ՝ ինչ կյանք է նա ապրել: Մոնոն մի ուրիշ աշխարհ է, երբ դու հանդիսատեսի հետ մենակ ես, միայն քեզ են տեսնում, վերջում միայն քեզ են ծափահարում»:
Փառատոնին Հայաստանից ու Վրաստանից բացի մասնակցում են նաև Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում:
«Սայաթ-Նովա» ներկայացման նկարչական ձևավորումը Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր- ղեկավար Արմեն Հովանիսյանինն է: Փառատոնին մասնակցելուն աջակցել է Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությունը: