«Ես ամենուր եմ»: Այսպես իրեն բնութագրել է վաղամեռիկ բանաստեղծուհի, հրապարակախոս, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը: Կյանքի այս կարգախոսով էլ ապրում էր Բոստանջյանն՝ ընտանիքում և ընտանիքից դուրս: Նա շատ բան հասցրեց անել՝ թողնելով հարուստ գրական ու մտավոր ժառանգություն, որոնք վաղուց արդեն բոլորինն են: Շատ բան էլ կիսատ թողեց՝ թարգմանություններ, անավարտ էջեր ու մտքեր, «Կամուրջը», որ հարազատ մանկան նման էր սիրում: Սիրված բանաստեղծուհու մահից հետո նրա մտքերը վերաիմաստավորվում են, գործերը նոր կյանք ստանում: «Ես ամենուր եմ» ժողովածուն դրանցից մեկն է, որը հիշատակի յուրօրինակ ընծա է սիրելի մայրիկին՝ երկու դուստրերի կողմից: Գիրքն ամփոփում է բանաստեղծուհու անտիպ ստեղծագործությունները, այստեղ նրա թաքուն մտորումներն ու ապրումներն են՝ արձակ ու չափածո տողերում:
Գիրքը տպագրվել էր դեռևս հունվարին: Սակայն հարազատները չէին շտապել շնորհանդեսը կազմակերպել, նաև երևի հույզերն ու այն ապրումներն էին պատճառը, որ բանաստեղծուհու կենդանի ներկայությունն այս անգամ վայելելու հնարավորություն չէին ունենալու: Անահիտ Բոստանջյանի 69-ամյակը գիրքը հանրությանը ներկայացնելու լավագույն առիթը դարձավ:
«Ինքը, որպես մարդ, արդեն իսկ տոն էր, և այսօր շնորհանդեսը հենց դա էլ ապացուցեց. հույզերի հետ միասին կար նաև հպարտության, ուրախության զգացում, կար նաև մի արտասովոր խորհուրդ, որ մեծերին հարգել է պետք իրենց ներկայության, իրենց ողջության օրոք, նաև այն ժամանակ, երբ նրանք հավերժական ճամփորդ են: Այսօր բոլորը մեծարեցին՝ մեկը խոսքով ու բանաստեղծությամբ, մեկը՝ երգով՝ հայերեն ու վրացերեն: Ես պարզապես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ և շատ ուրախ կլինեմ, որ նրանից նշույլ անգամ կրեմ՝ որպես թարգմանիչ կամ խմբագիր», — մեզ հետ զրույցում անկեղծանում է բանաստեղծուհու դուստրը՝ լրագրող Գայանե Բոստանջյանը:
«Ես միշտ նայում եմ սրտի ուղղությամբ: Սրտից ու սրտով էլ սկսում ամեն ինչ»․ գրքի առաջաբանում իր մասին այսպես է ասում Անահիտ Բոստանջյանը: Նա լույսերի մեջ էր ուզում տեսնել ու տեսնում էր աշխարհն ու մարդկանց: Այսօր էլ նրա բառն ու միտքն է հնչում՝ հարազատների, անփոխարինելի ընկերների ու գրչընկերների, սիրելի թոռների շուրթերից: Թումանյանի տան հարկն էլ լավագույն ընտրությունն է՝ Անահիտ Բոստանջյան ներկայացնելու համար: Բոստանջյանն էր, որ Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթը Թբիլիսի բերեց:
Գրականությունը նրա կյանքն էր, արվեստն ու մշակույթը կյանքի մշտական ուղեկիցները եղան, գիրքը՝ լավագույն նվերը՝ անկախ նրանից՝ նվիրում էր, թե ստանում: Նրա տողերում ջերմություն է ու կարոտ, ընդվզում ու ցավ, հպարտություն ու վստահություն, թաքուն ու անթաքույց կսկիծ, բողոք ու անպատասխան հարցեր, բայց վերջում՝ ծիծաղ ու լավատեսություն՝ ամփոփված մեկ նախադասությունում. «Ժպիտն իմ ընկերն է, ես ժպիտից եմ հունցված»: