Մայիսի 9-ի գիշերը Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած երթի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն յոթ մարդու։
Նրանցից Թինա Վաշակիձեն, որ ժամեր անց ազատ է արձակվել, հայտարարել է՝ իր նկատմամաբ բռնություն է կիրառվել։
«Մթավարի արխի» հեռուստաընկերության հաղորդավար Լևան Աբդուշելիշվիլին ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից և տեղափոխվել կլինիկա՝ բուժզննման։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին, մի քանի ժամ խուզարկելուց հետո ակտիվիստ և բլոգեր, «գործակալների օրենքին» դեմ բողոքի ցույցերին ակտիվ մասնակից, ցուցարարների համար պաշտպանվելու ուղեցույց-տեսահոլովակներ հրապարակող Ուչա Աբաշիձեին իր տանը բերման են ենթարկել, նստեցրել ոստիկանական մեքենա և տարել։ Բերման ենթարկելու պահին անգամ ընտանիքի անդամները չեն իմացել, թե ուր են տարել նրան ոստիկանները։
Ուչա Աբաշիձեի տան մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել՝ ոստիկաններին «ստրուկներ» անվանելով։