Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլիի պողոտայի վերականգնման վերջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև շաբաթվա վերջը, և կբացվի ճանապարհի երթևեկելի հատվածը:
Քաղաքապետի խոսքով, ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել է Ավլաբարի հրապարակից Լեխ Կաչինսկիի փողոց տանող ճանապարհահատվածը։
«Մենք չենք սահմանափակվում միայն մակերեսային հարդարանքներով։ Ուզում ենք մանրազնին կարգավորել փողոցները, պողոտաներն իրենց գետնանցումներով ու նոր լուսավորման ցանցով, կանաչապատումով, կից տարածքներով»,- ասել է Կալաձեն:
Քաղաքապետը նշել է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, հասարակական տրանսպորտի համար հատկացվել է հատուկ գոտի, որպեսզի տրանսպորտն առանց խցանումների տեղաշարժվի, հետիոտների անվտանգ տեղաշարժի համար կառուցվել են անցումներ, պողոտայում առկա ենթակառուցվածքները հարմարեցվել են հաշմանդամների համար:
Նրա հավաստմամբ, Ավլաբարի հարևանությամբ վերականգնվել է 2 այգի։