Դեկտեմբերի 6-ին առաքիչ Իրակլի Միլաձեն TikTok-ում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ասում էր, որ Թբիլիսիում ավտոբուսների համար հատկացված երթուղիներով շատ մեքենաներ են երթևեկում, և ոստիկանությունն ընտրողաբար է տուգանում վարորդներին։
Նույն տեսանյութում նա հայհոյել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին (Կալաձեի վարած ճանապարհային քաղաքականության պատճառով- խմբ.) և ոստիկաններին։
Տեսանյութի հրապարակումից երկու օր անց առաքիչը նկատել է, որ Թբիլիսիի Դիղոմիի թաղամասի իր վարձակալած տան մոտ մգացված ապակիներով մեքենաներ կան։ Եվս երկու օր անց՝ դեկտեմբերի 10-ին, երբ նա մոպեդով դուրս է եկել բակից, մի սպիտակ մեքենա «գրեթե վթարի ենթարկելիս է եղել» իրեն, բայց ինքը շարունակել է ճանապարհը:
Միլաձեի խոսքով, «Փրեսկո» սուպերմարկետի Դիղոմիի մասնաճյուղում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտեցել իրեն, պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ և նստեցրել ոստիկանական մեքենան։
«Աջից ու ձախից հետևի նստատեղերին այլ ոստիկաններ ևս նստեցին։ Առջևում երկու ոստիկան կար: Ինձ հարցրին, թե ում եմ հայհոյել։ Հետո չորս հոգով սկսեցին ծեծել ինձ։ Անընդհատ ասում էին, որ ոչ ոք ինձ չի ների իրենց ընտանիքի անդամներին վիրավորելու համար»,- պատմել է Միլաձեն:
Միլաձեն մանրամասնել է, թե ինչպես են ծեծել իրեն և տարել ոստիկանական բաժանմունք, երկու օր անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանների վրա հարձակվելու համար:
Ավելի ուշ պարզվել է, որ նրա դեմ վարչական վարույթ է սկսվել TikTok կայքում տեղադրված տեսանյութի պատճառով։ Ոստիկանները դատարանին հայտնել են, որ ցանկացել են Միլաձեին ոստիկանություն բերման ենթարկել, սակայն նա դիմադրել է ու հայհոյել։
Ուշագրավ է, որ փետրվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միլաձեին տուգանել էր 2 000 լարիով, իսկ մեկ ամիս անց` ևս 2 000 լարիով. այս անգամ՝ TikTok-ով հայհոյելու համար։