Երկու աշխատակիցներ հեռացել են Հանրային հեռարձակողից

Վրաստանի Հանրային հեռարձակողի երկու աշխատակիցներ հրաժարականի դիմում են գրել։

Մոնիթորինգի մենեջեր Թեա Կախիանին և ռադիոյի հաղորդավար Դավիթ Վելիջանաշվիլին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել են, որ այլևս այնտեղ չեն աշխատելու։

«Առաջին ալիքում ռադիոհաղորդման հաղորդավարի իմ հրաժարականի դիմումը արդեն գրված է։ Դիմումը դեռ ուժի մեջ չի մտել», – գրել է Վելիջանաշվիլին։

Թեա Կախիանին իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ մանրամասն բացատրել է իր որոշման շարժառիթը։

«Վրաստանի Հանրային առաջին ալիքի ներքին մոնիթորինգի շրջանակում անցկացված ուսումնասիրությունների և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների զեկույցի եզրակացությունների համաձայն՝ Վրաստանի առաջին ալիքը կողմնակալություն է ցուցաբերում իշխող կուսակցության նկատմամբ և, համապատասխանաբար, այլևս չի բավարարում օրենքով սահմանված ինստիտուցիոնալ պահանջներին։

Հաշվի առնելով, որ աշխատանքային գործընթացում ձեզ տրամադրված տեղեկատվությունը չդարձավ իրավիճակի շտկման հիմք, և ոչ էլ Հսկող խորհրդի անդամների համար, և այն, որ 2025 թվականի փետրվարի 10-ին իմ ուղարկած երկար նամակը չստացավ համապատասխան արձագանք, ստիպված եմ ընդունել կազմակերպությունը լքելու որոշումը։

Կարծում եմ՝ այս պայմաններում մոնիթորինգի ծառայությունը կորցրել է իր ֆունկցիան, և նման պայմաններում աշխատանքի շարունակումը ոչ միայն իմաստ չունի, այլև նշանակում է մասնակցություն ինստիտուցիոնալ արժեքների մերժմանը», – գրել է Կախիանին իր նամակում` խնդրելով իր դիմումի հիման վրա 2025 թվականի մայիսի 17-ից ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից: