Թբիլիսիի Վերին Փոնիճալա թաղամասում երկու ամիս առաջ, ամենայն հավանականությամբ, բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Պայթյունի հետևանքով այն ժամանակ մայր և փոքր երեխա էին զոհվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Netgazeti պարբերականին հայտնել են, որ նախորդ տարվա նոյեմբերին տեղի ունեցած պայթյունից հետո ինժեներական, բժշկական, հրդեհային և այլ տեսակի փորձաքննություններ են նշանակվել, որոնց պատասխանները առայժմ չկան:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, ինչը կառուցման կամ օգտագործման ժամանակ անվտանգության նորմերի խախտում է ենթադրում, որի հետևանքով երկու կամ ավելի մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան պայթյուն էր տեղի ունեցել նաև Մեծ Դիղոմի թաղամասում, որի հետևանքով 4 մարդ էր զոհվել, այդ թվում փոքր երեխա: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` իրականացվում է հետաքննություն: