«Վրաստանի բոլոր քաղաքացիները պետք է աշխատանքային պատշաճ և համարժեք պայմաններ ունենան»,- այս մասին հայտարարել է «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկը` Գրիգոլ Գեգելիան:
Վերջինիս խոսքով, Վրաստանում աշխատանքային տեսչությունն իրական գործադիր մեխանիզմ չունի:
«Քանի դեռ «Վրացական երազանքը» շարունակում է մեր երկրի ապագայի հետ խաղալ, մենք շարունակում ենք խոսել իրական խնդիրների մասին, որոնք մեր հանրության առաջ են ծառացած: 2011 թվականից մինչ օրս երկրի աշխատանքային վայրերում ավելի քան 400 մարդ է մահացել, ավելի քան 1100-ը` ծանր վիրավորվել: 2015-2017 թվականներին հարուցված մոտ 300 քրեական գործերով միայն 3 անձ է ազատազրկվել: Այսօր մենք չունենք աշխատանքի ադեկվատ տեսչություն»,- հայտարարել է Գեգելիան:
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի շենքերից մեկի արտաքին վերանորոգման աշխատանքների ժամանակ երկու բանվոր էր վայր ընկել, նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է առաջնային բուժօգնության կենտրոն:
2018-ին շինհրապարակում պատահարների հետևանքով տուժել է 199 մարդ, 59-ը՝ զոհվել:
2011-ից մինչև 2018 թվականը շինհրապարակում պատահարների հետևանքով տուժել է 1081 մարդ, զոհվել է 376 մարդ: